ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Մարտունու շրջանի Նոր Շեն, Հացի, Ավդուռ, Մյուրիշեն բնակավայրերը հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի անմիջական նշանառության տակ։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Facebook-ի պաշտոնական էջում ահազանգում է՝ այդ համայնքների հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը սպառնալիք է բնակչության ֆիզիկական և հոգեկան անվտանգության համար։ Նա հիշեցնում է 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերը դիտավորյալ թիրախավորելու վարքագիծը:
Պնդում է՝ անհրաժեշտ է ձեռնարկել գործողություններ խաղաղ բնակչության անվտանգային իրավիճակը բարելավելու, մասնավորապես ադրբեջանական ԶՈւ հենակետերը խաղաղ բնակավայրերի հարևանությունից հեռացնելու ուղղությամբ:
«Համայնքների հարևանությամբ ադրբեջանական հենակետերի առկայությունը լուրջ խնդիրներ է հարուցում նաև գյուղացիների զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացման համար: Այդ խնդիրներն արտահայտվում են տարբեր ձևերով՝ մի դեպքում գյուղացիներն, անվտանգության նկատառումներից ելնելով, զերծ են մնում իրենց պատկանող հողատարածքների մշակումից, մյուս դեպքում կորուստներ են ունենում անասնապահությամբ զբաղվելու ընթացքում, երբ խոշոր եղջերավոր կենդանիները անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Նման դեպքեր գրանցվել են գրեթե բոլոր համայնքներում»,- տեղեկացնում է Ստեփանյանը։
Ստեփանյանն ընդգծում է՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է գործադրեն բոլոր ջանքերը համայնքային բնակչության կյանքի որակի և անհրաժեշտ կենսապայմանների բարելավման ուղղությամբ։ Այս առումով ևս մեկ ահազանգ է հնչեցնում. Նոր շեն, Ավդուռ և Մյուրիշեն համայնքները գրեթե ամբողջությամբ ջրազրկված են: