ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: Ինչպես հաղորդում է ՀԱՊԿ-ի քարտուղարությունը, հանդիպումը տեղի է ունեցել Զասի հայաստանյան այցի շրջանակում։
Կողմերը քննարկել են կազմակերպության հավաքական ուժերի համար ժամանակակից զենքի մատակարարման հարցերն ու 2022 թվականին կազմակերպությունում Հայաստանի նախագահության ընդհանուր օրակարգը: Քննարկվել են նաև Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի հարցերը, այդ թվում` ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրի փոփոխությունները (այդ համաձայնագիրը կարգավորում է ՀԱՊԿ-ի ուժերի ներգրավումը ՄԱԿ-ի առաքելություններին)։
Քննարկման թեմա են դարձել արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները, որոնք պետք է հոկտեմբեր-նոյեմբերին անցկացվեն Տաջիկստանում։
Վերջում Կարապետյանը Զասին հրավիրել է օգոստոսի 10-ին այցելել Հայաստանի զորամասերից մեկը:
Նշենք, որ ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ հանդիպմանը Ստանիսլավ Զասը քննարկել է սեպտեմբերի վերջին Հայաստանում ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրամիջոցային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվելիք «Ամպրոպ 2021» զորավարժությունները:
Հիշեցնենք, որ Զասը հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի հետ, իսկ օգոստոսի 10-ին նախատեսված է նրա հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք` Հայաստանը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնում է այս տարվա սեպտեմբերի 16-ին։ Զասը Հայաստան է ժամանել այսօր` օգոստոսի 9-ին։