Վարդազարյանի իրավունքները չեն խախտվել. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը

Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ նախքան Ռուբեն Վարդազարյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելը, դատախազությունը պետք է դիմեր ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ և ստանար վերջինիս համաձայնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Վերաքննիչ դատարանը Ռուբեն Վարդազարյանի գործով ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Քննարկելով ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ ՀՀ վերաքննիչ դատարանն իր այսօր հրապարակած որոշմամբ ամբողջությամբ բավարարել է այն և բեկանել ՀՀ առաջին ատյանի դատարանի որոշումը»,–գրել է նա:
Դատարանի որոշման հասցեատերը ԲԴԽ–ն չէ. Վարդազարյանի լիազորությունները դեռ կասեցված են
Նշենք, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. մայիսի 31-ի որոշմամբ բավարարել էր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի դիմումը, որի դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը բերել էր վերաքննիչ բողոք:
Հիշեցնենք, որ այդ որոշմամբ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ նախքան Ռուբեն Վարդազարյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելը, դատախազությունը պետք է դիմեր ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ և ստանար վերջինիս համաձայնությունը: Եվ քանի որ չէր դիմել, ըստ Առաջին ատյանի դատարանի, թույլ է տվել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների խախտում:
Դատարանը վերականգնել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի իրավունքները
ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի հիմնական բովանդակությունը հանգում էր նրան, որ կոնկրետ տվյալ քրեական գործի համատեքստում ՀՀ բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը ստանալու, այսինքն` Ռուբեն Վարդազարյանի անձեռնմխելիության հաղթահարման ընթացակարգ չէր կարող կիրառվել: