Վլադիմիր Վարդանյանը չբացառեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության հարցը կքննարկվի փակ ռեժիմում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նիստում Վլադիմիր Վարդանյանին առաջադրել է ԱԺ պետական-իրավական հարցերի նախագահի պաշտոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավական կարգավիճակի հարցը հնարավոր է` առաջիկայում քննարկվի ԱԺ–ում դռնփակ ռեժիմով։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց պետական-իրավական հարցերի նախագահի պաշտոնում առաջադրված Վլադիմիր Վարդանյանը` արձագանքելով «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչ իրավական կարգավիճակ ունի 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
«Չեմ պատասխանելու այդ հարցին ոչ թե նրա համար, որ չունեմ պատասխան կամ չունեմ համապատասխան մոտեցում, մեկնաբանություն այդ հայտարարության հետ կապված, այլ սիրում եմ ՀՀ անվտանգության կամ արտաքին հարաբերությունների հետ կապված հարցերը քննարկել փակ ռեժիմում մասնագետների հետ, տալ պատասխաններ` խնդրելով ու հորդորելով, որ այդ պատասխանները չստանան տարածում»,– ասաց Վարդանյանը։
Նա կարծիք հայտնեց, որ առաջիկայում նման հնարավորություն կլինի Մինասյանի բարձրացրած հարցը քննարկելու հիշյալ փակ ռեժիմում։
ՌԱԴԻՈ
Փաշինյանը կամաց–կամաց հետ է կանգնո՞ւմ խոստումներից. քաղտեխնոլոգը խոսել է սահմանի լարումից
Նշենք, որ ԱԺ նիստում այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցությունը Վլադիմիր Վարդանյանին առաջադրել է ԱԺ պետական-իրավական հարցերի նախագահի պաշտոնում։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը (Քելբաջար) (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Ակնայի (Աղդամ) շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 
Հայաստանը պետք է տրանսպորտային կապ ապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Հայտարարության մեջ նշվում էր նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։