ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի մեղադրանքը փոխվել է։ «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է նրա պաշտպան Էրիկ ԱԼեքսանյանը։
«Հարգելի հայրենակիցներ ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ քիչ առաջ տեղի է ունեցել Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխությունը։ Մասնավորապես՝ վերջինիս մինչ այդ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով առաջադրված մեղադրանքից հանվել է մեկ հոդված։ Դրա համար հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել սույն գործով հսկող դատախազին: Ճիշտ է, սա փոքր հաջողություն է, բայց ամեն ինչ սկսում է փոքր հաջողություններից», - գրել է պաշտպանը։
Գրառման մեջ նա չի ճշգրտել, թե որ հոդվածն է հանվել մեղադրանքից։ Բայց մեկնաբանություններում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, Ալեքսանյանը գրել է, որ հանվել է 149 հոդվածը (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)։
Նշենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
Առուշանյանը կալանավորվել է հուլիսի 16-ին: Օգոստոսի 5-ին վերաքննիչ դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը մերժել էր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի բողոքը և նրան թողել կալանքի տակ։