ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Հայաստանի «Դինամո» մարզադահլիճում կայացավ MMA և K1 սպորտաձևերի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից և Վրաստանից։
Մրցաշարը 2016 թվականից անցկացնում է Հայաստանում K1 ֆեդերացիայի նախագահ, «Ղուլինյան մենեջմենթ» սպորտ կենտրոնի նախագահ, WKU վարկածով աշխարհի չեմպիոն Ռազմիկ Ղուլինյանը:
«Այսօր մեր մարզիկներն իրենց լավագույնս դրսևորեցին։ Ընդհանուր առմամբ մրցել է 40 զույգ, որից հայ մարզիկներից պարտություն են կրել ընդամենը 4-ը, մնացածը հաղթել են։ Ինքս գործող մարզիկ եմ, հանդիսանում եմ WKU վարկածով աշխարհի չեմպիոն և փորձում եմ մեր մարզիկների համար կազմակերպել այնպիսի մրցաշարեր, որպեսզի նրանք ևս դառնան աշխարհահռչակ մարզիկներ, և սպորտի մարկարդակը բարձրացնենք Հայաստանում»,-ասաց Ղուլինյանը։
Նշենք, որ նա 16 տարի է, ինչ զբաղվում է սպորտով և տիրապետում է մի շարք մարտարվեստների։
2016 թվականից սկսած Հայաստանն աշխարհի տարբեր երկրներից մարզիկներ է հյուրընկալել այս մրցաշարին մասնակցելու համար։
Հիմնականում մարզիկներ են գալիս Իրանից, Ռուսաստանից և Վրաստանից, իսկ ավելի մեծ մրցաշարերին հրավերներ են ուղարկում եվրոպական երկրներ, ԱՄՆ։
Один из участников международных соревнований по ММА с тренером во вреия перерыва между раундами
© Sputnik / Aram Nersesyan
Այս տարիներին մեր մարզիկները միջազգային մրցաշարերի են մասնակցել Իսպանիայում, Պորտուգալիայում, Ռուսաստանում, Վրաստանում, իսկ այժմ պլանավորում են գնալ Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ նույն մրցաշարն է կազմակերպվելու։ Իրանցիները հայերին խնդրել են մրցաշարի կազմակերպչական հարցերում օգնել իրենց։
Հայ տղամարդկանց դիտարժան մարտերից հետո պայքարի մեջ մտան հայ աղջիկները։
K1 մարզաձևի 54 կգ քաշային կարգում հանդես եկող Տաթևիկ Խաչատրյանը ջախջախիչ պարտության մատնեց Իրանը ներկայացնող մրցակցին՝ Ֆաթիմ Սագվանդին։
Իսկ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հասմիկ Ասատրյանը 2-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկեց Իրանը ներկայացնող Սառա Թաջմիրին։
Մենամարտից առաջ Հասմիկը բավականին հանգիստ էր, վստահ իր ուժերի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում 19-ամյա մարզիկը նշեց, որ MMA և Kichboxing մարզաձևերով զբաղվում է արդեն 7 տարի։
Участница на международных соревнованиях по ММА, проходивших на стадионе Динамо в Ереване
© Sputnik / Aram Nersesyan
«Մրցաշարին պատրաստվել եմ շատ լավ։ Հակառակորդս ներկայացնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ուսումնասիրել եմ նրան, բավականին հետաքրքիր հակառակորդ է, բայց չենք ընկճվում ու գնում ենք դեպի հաղթանակ»,- ասել էր նա։
Իրանցի մարզիկը Հասմիկի հետ թեժ պայքարում վնասեց ձեռքն ու ավարտեց մրցաշարը պարտությամբ։
Հավելենք, որ «Դինամո» մարզադահլիճում օգոստոսի 8-ին և 9-ին կանցկացվեն սիրողական մակարդակի մենամարտեր, որոնց մասնակիցների թիվը մոտ 400 է։ Մարզասերների համար մուտքն ազատ է։
Սպորտային մենեջմենթը Հայաստանում նոր ֆորմատ է, որը կազմակերպում է մրցաշարեր MMA և K1-ի կանոններով` համագործակցելով խոշոր կազմակերպությունների հետ, փորձելով հովանավորներ ներգրավել, որպեսզի հայ մարզիկների համար ճանապարհ բացվի դեպի արտերկիր, դեպի ավելի մեծ մենամարտեր, որտեղ նրանք կարող են նաև գումար վաստակել։