Սևանա լճից 170 մլն խմ ջրառի չափաքանակը պատահաբար ընտրված ցուցանիշ չէ. դրա գերազանցումը նշանակում է խախտել լճի հաշվեկշիռը։ Դա բազմամյա տարիների միջին արժեքն է, որի դեպքում Սևանա լճի ջրային հաշվեկշիռը մնում է անփոփոխ և կայուն, հետևաբար կայուն է մնում նաև էկոհամակարգի վիճակը։ Տասնյակ տարիներ նշված ցուցանիշը չի խախտվել և պատահական չէ, որ այն հաստատվել էր 2001 թվականին ընդունված Սևանա լճի մասին օրենքով, բայց այսօր հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ միայն էկոհամակարգի վիճակից ելնելով` Սևանի խնդրի գնահատումը ճիշտ չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Էվելինա Ղուկասյանը
«Մեր երկիրն արդեն այնպիսի բազմակողմանի պորբլեմների մեջ է խրված, որ մենք պետք է ավելի լայն նայենք Սևանի խնդրին, թեև պետք է խոստովանել, որ 245 մլն խ/մ ջրառ իրականացնելու դեպքում կունենանք լճի մակարդակի իջեցում մի քանի սանտիմետրով, ինչն ընդհանուր առմամբ անցանկալի երևույթ է։ Ավելի լավ է լիճը թողնել մշտապես ինչ–որ կայուն մակարդակի վրա, քան անընդհատ բարեձրացնել–իջեցնել, որովհետև տատանումների ժամանակ ափամերձ գոտին անընդհատ լվացվում է և այդտեղ գտնվող ամբողջ բուսածածկն աղտեղություններով, կենսածին տարրերով հանդերձ` ալիքի հետ միասին անցնում են լճի ափամերձ տարածքներ, ինչից էլ սկսվում է լճի ծաղկման գործընթացը»,– ասաց Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենը։
Ղուկասյանի փոխանցմամբ` վերջին տարիներին, սկսած 2018 թվականից, Սևանա լճի ծաղկման գործընթացները դարձել են ավելի հաճախակի և տեղի են ունենում ավելի մեծ խորությամբ։ Ավելին` մի շարք գործոններ սկսել են համատեղ ազդել, և եթե հաշվի առնենք նաև կլիմայի գոլբալ փոփոխությունները, ապա կարելի է ասել, որ Սևանա լիճն անփույթ վերաբերմունքի դեպքում կարող է դուրս գալ հավասարակշռությունից, իսկ ցանկացած խախտում կարող է ունենալ լուրջ հետևանքներ։
Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենի գնահատմամբ` Սևանի մակարդակի համար ցուցիչ պետք է ընդունվի ոչ թե հունիսը կամ հուլիսը, այլ դեկտեմբերը, քանի որ հենց այդ ամսին են կատարվում ջրի մակարդակի ինտեգրալ գնահատումներ։
Նրա պնդմամբ` ճիշտ կլինի, եթե որևէ երևույթի մասին խոսեն մասնագետները, այլ ոչ թե անգամ ղեկավար անձինք, որոնք ոլորտի մասնագետ չեն։ Ասում է` Սևանի օգնությանը պետք է դիմել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Ղուկասյանը ցավով արձանագրեց, որ մեր ոռոգման համակարգը գտնվում է քայքայված վիճակում, ջրի կորուստները կազմում են 70 տոկոս, ինչին պատասխանատուները նայում են անտարբերությամբ, այնինչ անհրաժեշտ է լրջորեն պայքարել ջրի կորուստների դեմ, որպեսզի ամեն առիթի դեպքում չդիմենք Սևանա լճի օգնությանը։
Նշենք, որ ոռոգման նպատակով Սևանա լճից 2021թ․-ի բացթողման 170 մլն մ³ չափաքանակը նախատեսվում է դարձնել մինչև 245 մլն մ³։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի տեղեկացմամբ` այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով ցածր է, իսկ թույլատրելի 170 մլն մ³ ջրառից արդեն իսկ կատարվել է 157 մլն մ³-ը։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ԱԺ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում սպասվում է իրենց կառավարման սենսացիոն նորություններից մեկը` 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակը ամենաբարձրը կլինի վերջին 60 տարվա ընթացքում: