Ադրբեջանցիները կրակել են Սև լճի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանցիներն այսօր կրակել են Սև լճի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Օգոստոսի 7-ին, ժամը 11:40-ից 12:00-ը, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ–ն չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին. Բիկանտովն ասել է` ինչու
Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Տեղեկացվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6–ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Նշենք, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Թաթոյանն ադրբեջանցիների սադրանքից հետո Երասխում բռնկված հրդեհից տեսանյութ է հրապարակել
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։