ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Այսօր` օգոստոսի 6–ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. կա 4 վիրավոր, որից 2-ը` երեխաներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 21։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, տուժել են մարդատարի վարորդն ու ուղևորները։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները նույն ընտանիքի անդամներ են։
«36-ամյա Արծրուն Օհանյանը, 32-ամյա Զվարթ Մինասյանը «Արտաշատ» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ 6-ամյա Հրանտ Օհանյանը և 8-ամյա Գևորգ Օհանյանը՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։