ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Սյունիքի Շուռնուխ համայնքից երեխայի առևանգման լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Ավելի վաղ «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանը մեզ հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ Շուռնուխում հունվար-փետրվար ամիսներին ադրբեջանցիները երեխա են առևանգել, նրա նկատմամբ սեռական բռնություն կիրառել, ապա հետ վերադարձրել գյուղ։
«Ես խոսեցի Սյունիքի մարզի քննչական վարչության և՛ ներկա, և՛ նախկին պետերի հետ։ Նրանք ասացին, որ նման տեղեկություն Սյունիքի մարզի քննչական կոմիտեում չկա։ Քրեական գործ հարուցված չէ, դրանք պարզապես խոսակցություններ են»,- ասաց նա։
Միջադեպի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանից։ Արշակյանը ևս հերքեց տեղեկությունը և հորդորեց տեղիք չտալ նման ստահոդ լուրերին։
«Նման բան չկա, իրականում դա թաքցնելու բան չէ։ Եթե նման բան լիներ, ես առաջիններից մեկը պետք է իմանայի։ Սա գյուղ է։ Ամեն մի ընտանիք կարող է իր վրա վերցնել, սիրուն չէ նման կերպ «աչոկներ» հավաքել»,- նշեց Արշակյանը։
Հիշեցնենք` «Նոյան տապան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ համակեցության անհնարինությանը, հայտարարել է, որ ադրբեջանցիները Շուռնուխից երեխա են առևանգել և սեռական բռնության են ենթարկել։ Տեղեկությունը տարածվեց նաև որոշ լրատվամիջոցներում և տելեգրամ ալիքներում։