ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2021թ․-ի բացթողման 170 մլն մ³ չափաքանակը նախատեսվում է դարձնել մինչև 245 մլն մ³։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Սանոսյանը նշեց, որ 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարների լցվածությունը եղել է 226.21 մլն մ³` 2020թ. նույն ժամանակահատվածի 351.98 մլն մ³ համեմատ. թերլցվածությունը կազմել է 125.77 մլն մ³:
«Շոգ եղանակով և քիչ տեղումներով պայմանավորված` Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել են պլանավորածից շուտ ջրի բացթողումներ։ Սևանա լճից 2021թ. նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրբացթողումները սկսվել են 10 օր շուտ և արդեն իսկ իրականացվել է 19 մլն մ³ ջրառ»,–ասաց Սանոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ մարտ ամսից սկսած` պետական ինստիտուտներն իրեն զեկուցել են, որ այս տարի Սևանա լճի մակարդակն աննախադեպ աճ է գրանցելու։
«Երբ այն ժամանակ զեկուցում էիք, թե Սևանա լճի աննախադեպ բարձր մակարդակ ենք ունենալու, էն ժամանակ չգիտեի՞ք, որ ամառ է գալու, ոռոգում է լինելու։ Եվ երկրորդ, ինչո՞ւ է հուլիսի 2-ին կայացրած այս որոշումը վերջին պահին, ափալ-թափալ , առանց պատշաճ հանրային քննարկումների է կյանքի կոչվում։ Ո՞վ ունի այս հարցերի պատասխանը»,–նշեց Փաշինյանը։
Ի պատասխան շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ այս տարի աննախադեպ բարձր ջերմային ֆոն կա, ինչը կանխատեսելի էր, սակայն որ այսչափ շոգ ամառ կլիներ` կանխատեսելի չէր։
«Այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով ցածր է, իսկ թույլատրելի 170 մլն մ³ ջրառից արդեն իսկ կատարվել է 157 մլն մ³-ը»,–ասաց Պետրոսյանը։
Փաշինյանն էլ նշեց, որ մենք կանխատեսելու հարցում շատ լուրջ պրոբլեմներ ունենք` յուրաքանչյուր իր տված կանխատեսման համար պատասխանատվություն կրի։
Հավելենք, որ կառավարությունն ընդունեց Սևանից կատարվող ջրառի ծավալները մեծացնելու նախագիծը։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին ԱԺ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում սպասվում է իրենց կառավարման սենսացիոն նորություններից մեկը, 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակը ամենաբարձրը կլինի վերջին 60 տարվա ընթացքում: