ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Պետք է բոլոր քայլերը ձեռնարկենք՝ արդյունաբերությունը սպասարկելու անհրաժեշտ կոմունիկացիաներ ունենալու համար։ Նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այցելել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանին:
Փաշինյանի խոսքով` կարևորում և առաջնահերթ են համարում տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիների բացման օրակարգը։
«Պետք է քայլերը ձեռնարկենք, որպեսզի Հայաստանի ապաշրջափակումը հաղթահարենք: Խոսքը երկաթուղու մասին է, որը Հայաստանին կկապի արտաքին աշխարհին բոլոր ուղղություններով: Իհարկե, հասկանալի է, որ սա ոչ միայն ԲՏԱ նախարարության օրակարգն է, դա ամբողջ կառավարության և մեր պետական համակարգի»,–ասել է վարչապետը։
Խոսելով Խաչատուրյանի մասին` նա նշել է, թե Խաչատուրյանն այն սերնդի ներկայացուցիչն է, որոնք Կարեն Դեմիրճյանի առաջնորդության ժամանակներում անմիջական մասնակցություն են ունեցել Հայաստանի արդյունաբերականացմանը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանն էլ իր հերթին նշել է, որ կառավարության բոլոր ռազմավարական ծրագրերը շարունակական կլինեն և այն, ինչ արվել է նախկին ղեկավարության ժամանակաշրջանում, կառավարության աջակցությամբ կշարունակվեն և կհասցվեն իրենց հանգրվանին:
«Ես փնտրում էի, թե Հայաստանի Հանրապետությունն ինչով կարող է աշխարհում հանդես գալ: Ի վերջո, հենց ինդուստրիալիզացիան կամ արդյունաբերացումը, այդպես ձևակերպեմ, այն ուղղությունն է, որով մենք կարող ենք աշխարհին ներկայանալ նորովի։ Եվ ոչ թե հույս եմ հայտնում, այլ ուղղակի համոզված եմ, որ մենք պետք է հաջողություն ունենանք»,–ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Մինչ այդ Հայկ Չոբանյանն էր զբաղեցնում այդ պաշտոնը։