ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կիսում է իրավապաշտպանների և Freedom House կազմակերպության մտահոգությունները Սաշիկ Սուլթանյանի գործով։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ` իրավապաշտպանների և ՀԿ-ների հայտարարություններին ուղղված Գլխավոր դատախազության օգոստոսի 5-ի հրապարակային արձագանքը՝ կապված «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի իրավունքների հետ, պարունակում է քննադատական խոսքին կամ իրավապաշտպան գործունեությանը վերաբերող վտանգավոր շեշտադրումներ և առաջացնում է լրացուցիչ մտահոգություններ:
Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից լրացուցիչ պարզաբանումների հարցով գրություն կհասցեագրվի Գլխավոր դատախազություն:
«Մարդու իրավունքների պաշտպանը Ս. Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդման սկզբնական փուլից սեփական նախաձեռնությամբ սկսել է նրա իրավունքների պաշտպանության գործընթաց: Գրություն է հասցեագրվել ՀՀ դատախազություն: Ս. Սուլթանյանի իրավունքների հարցով մի շարք միջազգային և հայաստանյան կազմակերպություններ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ կապված նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման իրավաչափության հետ: Այդ կազմակերպությունների հետ սկսված է համապատասխան հաղորդակցություն»,–տեղեկացրել է Թաթոյանը:
Ս. Սուլթանյանին ՀՀ քրեական օրենսգրքի՝ Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար պատասխանատվություն նախատեսող 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը պետք է ցույց տրվի կոնկրետ ապացույցներով:
Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ-ում եզդիներն ունեն առանձնահատուկ դեր, անփոխարինելի ներգրավվածություն հանրային կյանքին:
Նրանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում է:
«Բայց սա չի նշանակում, եթե մարդը, կոնկրետ՝ դեպքում Սաշիկ Սուլթանյանը, հնչեցրել է երկրին ուղղված քննադատական խոսք ու անգամ, եթե դա որոշ մասերով իրականությանը չի համապատասխանում, նա պետք է պատժվի քրեական պատասխանատվությամբ»,–ընդգծել է Թաթոյանը:
Նա նշել է, որ նման հարցերը հեշտորեն կարող են լուծվել կառավարության իրավասու մարմնի կողմից հայաստանյան կամ միջազգային հանրությանն ուղղված համապատասխան արձագանքով, որով ընդամենը կհաստատվեն կամ կհերքվեն քննադատությունները:
Հիշեցնենք` 2020 թվականի մայիսին Սաշիկ Սուլթանյանն Իրաքի Հանրապետությունում գործող Yezidinews.com լրատվության միջոցն օգտագործելով` այդ կայքին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի այլ բնագավառներում ազգային խտրականություն դրսևորող պետություն է։
2021 թվականի հուլիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և ըստ էության քննության համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: