ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դեռ 2018-ի ամռանը հայտարարած կախարդական փայտիկը գործում է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Դեկտեմբեր ամսին բոլոր կանխատեսումներն ասում էին, որ Հայաստանը 2021 թվականին կունենա 1-1.5 տոկոս տնտեսական աճ։ Սակայն հիմա` այս տարվա առաջին կիսամյակում, ունենք 5 տոկոս տնտեսական աճ, և ամեն ինչ գնում է նրան, որ մենք 10-ից ավելի տոկոս տնտեսական աճ ունենանք»,–ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով` տնտեսության այդպիսի անդրադարձը խորը ճգնաժամից հետևանքն է այն բանի, որ կախարդական փայտիկը գործում է։ Քերոբյանը վստահեցնում է` տնտեսությունն արյունաքամ չի լինում, տնտեսությունից դուրս չեն գալիս այն գումարները, որոնք նախկինում «սև ճանապարհով» դուրս էին գալիս։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե գրանցված գնա՞ճն էլ կախարդական փայտիկի զորությամբ է եղել` Քերոբյանը նշեց, որ օգոստոսից սկսվում է հիմնական ապրանքների, նոր բերքի մասին տեղեկություններ հայտնելը, և վստահ է` գների էական անկում կտեսնենք։
Հիշեցնենք, որ 2018-ի հունիսին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կախարդական փայտիկ կա, և այն սկսել է իր գործը։ Նրա խոսքով` այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, վերլուծաբանների 97%-ը համարում է անհնար. Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ բոլոր ուղղություններով կառավարությունն ունենալու է լրջագույն արդյունքներ։