ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Երևանում 63-ամյա տղամարդը շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տանիքից անզգուշաբար ցած է ընկել ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին` Ժամը 14։40-ի սահմաններում։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, որը գիտակցության չգալով, մահացել է։
«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արտաշես Գալստյանն է, որը նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում, Լեոյի փողոցի 54 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տանիքից անզգուշաբար ցած է ընկել»,-գրում է կայքը։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Արարատ» ՍՊԸ-ում՝ որպես եռակցող։