«Կյանքում ամեն ինչ փոխվում է։ Մեկ շաբաթ առաջ ո՞վ կարող էր ասել, որ ես «Լոկո» կտեղափոխվեմ։ Երբեք չգիտես, թե վաղն ինչ կլինի։ Ես շնորհակալ եմ Հայաստանի հավաքականի երկրպագուներին, զգում եմ նրանց սերն ու աջակցությունը, տեսնում եմ նրանց Instagram-ում, բայց այսօր ուզում եմ պայքարել Ռուսաստանի հավաքականում տեղ ունենալու համար»,-ասել է Տիկնիզյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ Նաիր Տիկնիզյանը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ ԲԿՄԱ-ի հետ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2025 թ․-ի հունիսի 30-ը։ Transfermarkt կայքը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «երկաթուղայինները» 22-ամյա ֆուտբոլիստի համար ընդհանուր առաջարկը ավելացրել են մինչև 5 մլն եվրո։ ԲԿՄԱ-ի հետ այս տարվա հունիսին ստորագրված համաձայնագրի պայմաններով` Նաիրը ամսական ստանում էր 2,5 մլն ռուբլի: «Երկաթուղայինները» պատրաստ են ավելի շատ վճարել նրան։