Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի փոխխոսնակ չընտրվեց. նոր ընտրություն կանցկացվի

Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի նիստում հայտարարել էր` եթե չընտրվի, ոչ միայն չի տխրի, այլ նաև կուրախանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Իշխան Սաղաթելյանը չընտրվեց Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում։ Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրել էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը։
Ի՞նչ կլինի, եթե 30 պատգամավոր չմիանա ընդդիմությանն ու Իշխան Սաղաթելյանը չընտրվի
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ Սաղաթելյանը չի ընտրվել։
«104 պատգամավոր է մասնակցել քվեարկությանը և ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 1 անվավեր, 53 կողմ, 50 դեմ»,–ասաց նա։
Ընտրությունը կայանալու համար անհրաժեշտ էր 54 ձայն։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` եթե ԱԺ տեղակալը չի ընտրվում, ապա անցկացվում է նոր ընտրություն։
Նշենք, որ իշխող ուժի առաջադրած երկու փոխխոսնակները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, արդեն իսկ ընտրվել են այդ պաշտոններում։ Ընդդիմությունը, սակայն, չէր մասնակցել քվեարկություններին։
Ի դեպ, մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Սաղաթելյանի թեկնածությունն իշխանության «սրտով չէ»։ Օգոստոսի 4–ին ԱԺ նիստի ժամանակ Սաղաթելյանը հայտարարել էր` եթե չընտրվի, ապա ոչ միայն չի տխրի, այլ նաև կուրախանա։
Սակայն իշխող ուժի որոշ պատգամավորներ, ինչպես և խոստացվել էր, մասնակցել են քվեարկությանը։
Նշենք, որ ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօր` օգոստոսի 5–ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարել էր, որ չուզենալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորման բնականոն ընթացքը` ՔՊ-ն կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի։
«Սևանի ափին հյուրանոց ունեմ». Իշխան Սաղաթելյանը խոսեց իր բիզնեսի և ծառայած չլինելու մասին