«Իրանի համար կարևոր է խաղաղության պահպանումը». Փաշինյանը հանդիպել է Ռայիսիի հետ

Հայաստանի և Իրանի ղեկավարները քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության շրջանակներն ընդլայնելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը։ ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին, տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Նշենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով Իրանում է։
Ռայիսիի խոսքով` իրանական կողմը անհրաժեշտ է համարում սահմանային բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։ Բացի այդ, նա նշել է, որ Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։
«Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը։ Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի և ԻԻՀ-ի միջև ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը»,- իր հերթին նշել է Փաշինյանը։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի շրջանակ։
Մասնավորապես կարևորվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության ապահովումն ու ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի ռեժիմի կիրառման հնարավորությունը։ Նրանք առաջնային են համարել տարածաշրջանային կապուղիների զարգացումը, որտեղ առանցքային նշանակություն կունենա Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային և մալուխային կապի զարգացումը։
ՌԱԴԻՈ
Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանում միանշանակ մեծանալու է. ի՞նչ պետք է անի Հայաստանը
Փաշինյանը ողջունել է իրանական կողմի հետաքրքրվածությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի շուրջ և հավելել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քննարկել Իրանի շինարարական ընկերությունների մասնակցությունը ծրագրի՝ Սիսիան-Մեղրի հատվածի համար հայտարարվելիք միջազգային տենդերին։
Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին։
Մասնավորապես, կողմերը քննարկել են Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը սկսելու ուղղությամբ իրականացվող քայլերի ընթացքը, կարևորել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի երկարաձգումը, 3-րդ բարձրավոլտ գծի շահագործումից հետո գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալների մեծացումը։
Հայ-ադրբեջանական սահմանն ու Իրանը, կամ արտաքին ուժերը խաղում են փխրուն խաղաղության վրա
Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահին հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԻԻՀ նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը։