ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Խորովածի փառատոնն այս տարի կզարմացնի հյուրերին բազմաթիվ տաղավարներով, համեղ ուտեստներով և հայկական ավանդական խորովածի նոր բաղադրատոմսերով: Միջոցառումը կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ է անցկացվում ու բավականին մասշտաբային է լինելու: Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Седрак Мамулян в гостях радио Sputnik
© Sputnik / Zara Mika
Խորովածի 13-րդ փառատոնը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Լոռու մարզի Ախթալա քաղաքում: Այն կմեկնարկի օգոստոսի 22-ին` ժամը 15:00-ին, ու կշարունակվի մինչև 19:00-ը:
Մասնակիցներին կգնահատեն «Լավագույն համ», «Լավագույն գաղափար», «Լավագույն արտաքին տեսք» անվանակարգերում:
«Կտեղադրվեն մինչև 50 տաղավարներ, մենք 3-5 հազար հյուր ենք ակնկալում։ Միջոցառումը բաղկացած կլինի երկու մասից՝ մրցույթ և մշակութային ծրագիր։ Ժյուրիի կազմում վրացի մասնագետներ կլինեն», - ասաց Մամուլյանը։
Նրա խոսքով՝ մասնակցության հայտեր են ներկայացրել նաև Վրաստանի ու Ռուսաստանի մասնակիցները։
Պատասխանելով այն հարցին, թե որքանով է տեղին նման միջոցառում անցկացնել երկրի ու հայ ժողովրդի համար այսքան ծանր ժամանակներում, Մամուլյանը նշեց, որ դրանում խնդիր չի տեսնում:
Խոհարարն ընդգծեց, որ փառատոնը թույլ կտա բարելավել մարզի գոնե մի քանի տասնյակ ընտանիքների ֆինանսական վիճակը, ուստի, քննադատություն ընդունելով հանդերձ, մտադիր չէ հրաժարվել փառատոնի անցկացումից:
Փառատոնից մեկ օր առաջ Մամուլյանն ու նրա թիմը վարպետության դաս կանցկացնեն ընտանեկան տիպի հոսթելների ու հյուրանոցների սեփականատերերի ու մենեջերների համար:
Ինչ վերաբերում է փառատոնի օրվան՝ ապա այսուհետ այն միշտ կանցկացվի օգոստոսի վերջին կիրակի օրը: Ապագայում կազմակերպիչները մտադիր են այն միջազգային դարձնել։
«Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանն իր հերթին կարծում է, որ մասնակիցների մասին Մամուլյանի ներկայացրած տվյալները չափազանց համեստ են: Նրա անձնական հաշվարկներով՝ այս տարի փառատոնին մինչև 20 հազար հյուր կմասնակցի:
Вазген Хачикян во время пресс-конференции (5 августа 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Ընդ որում, նրա կարծիքով, այնուամենայնիվ, մեծանասնություն կկազմեն տեղի բնակիչները, քանի որ համավարակը չէր կարող չանդրադառնալ օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի վրա:
Խաչիկյանն անդրադարձավ նաև միջոցառման հանրահռչակմանը՝ ընդգծելով, որ դրան միջազգային կարգավիճակ տալու համար անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ: Չէ՞ որ խոսքը միայն փառատոնի մասին չէ, այլ ամբողջ աշխարհում Հայաստանի առաջխաղացման մասին։
Փառատոնին Բելգիայից կմասնակցի նաև Youtube-ի աստղ, խոհարարական բլոգեր, մեր հայրենակից Ժորժ Հարությունյանը:
Նա նշեց, որ 2017-ին, երբ իմացել է փառատոնի մասին, գաղափարը նրան միանգամից դուր է եկել։
«Երեք օրում տոմս գնեցի և Հայաստան եկա։ Ամեն տարի գալիս եմ ու ամեն անգամ նորովի եմ ոգևորվում»,-ասաց Հարությունյանը։
Жорж Арутюнян во время пресс-конференции (5 августа 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Ասում է` մտադիր է իր ներդրումն անել մեր երկրի սահմաններից դուրս հայկական խորովածի հանրահռչակման գործում։
Բացի այդ, այս տարի փառատոնի հովանավորն է դարձել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը։ Ընկերության գործառնական մարքեթինգի և առևտրային տարբերության մենեջեր Եսայի Մելիք-Ելչյանը նշեց, որ այս պահին ընկերությունն աշխարհի բոլոր երկրներում տեղական ավանդական ուտեստների հանրահռչակման արշավ է սկսել:
Есаи Мелик-Йолчян во время пресс-конференции (5 августа 2021). Еревaн
© Sputnik / Andranik Ghazaryan
Այս համատեքստում Հայաստանը բացառություն չէ։ Նա կարծում է, որ Կոկա-Կոլան և խորովածը հիանալի համադրություն են, այդ պատճառով էլ նրանք որոշել են միանալ։
Հիշեցնենք՝ խորովածի փառատոնը Հայաստանում անցկացվում է 2009 թվականից։ 2019 թվականի սկզբին հայկական խորովածը «Սննդի համաշխարհային ատլասում» ճանաչվել է ամենատարածված հայկական ուտեստ։
2020 թվականին փառատոնն անցկացվել է առցանց։ Կազմակերպիչները կոչ են արել բոլորին հանել մանղալներն ու խորոված պատրաստել իրենց տանը, ամառանոցում կամ պատշգամբում։ Ընդ որում, նախաձեռնությանը միացած անձինք սոցիալական ցանցերում պետք է հրապարակեին լուսանկարներ կամ տեսանյութեր՝ ուղեկցելով դրանք #խորովածիմիջազգայինօր հեշթեգով։