Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ չվերթ առաջիկայում չի նախատեսվում, իսկ Դամասկոս հնարավոր է

Համացանցում տեղեկություն է տարածվել, որ սիրիական ավիաընկերությունը հայտարարել էր Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ շաբաթական թռիչքը վերականգնելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ ուղիղ չվերթ առաջիկայում չի նախատեսվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան չարտերային չվերթը
Ավելի վաղ ԶԼՄ–ներում ու համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ սիրիական Ajnehat al-Sham ավիաընկերությունը հայտարարել է Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ ամենշաբաթյա թռիչքը վերականգնելու մասին:
«Նման չվերթ այժմ չկա, և մենք թռիչքների իրականացման հայտ չենք ստացել», - նշեցին գերատեսչությունից:
Sputnik Արմենիային, սակայն, հայտնի է դարձել, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է Դամասկոսից Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներ իրականացնել, եթե, իհարկե, Սիրիայում իրավիճակը հանգիստ լինի:
Նշենք, որ Սիրիայի պատերազմը սկսվելուց հետո (2011թ. մարտ) Հալեպ-Երևան-Հալեպ չվերթերը դադարեցվել են։ Որոշ ժամանակ իրականացվել են դեպի Դամասկոս չվերթերը, սակայն ոչ կանոնավոր կերպով։
Դրանք էլ դադարեցվեցին կորոնավիրուսի համաճարակի բռնկումից (2020 թ.) որոշ ժամանակ առաջ և մինչ օրս չեն վերականգնվել։
Ռուսական ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթեր իրականացնել. ցանկում ՀՀ–ն էլ կա