ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Այսօր լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանը բազմամարդ էր` Տոկիոյից Հայաստան վերադարձող օլիմպիական մեդալակիներին էին եկել դիմավորելու։
«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայկական զուռնա-դհոլով դիմավորեցին ծանրամարտի կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն (109 կգ) ու օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը՝ մարզիչներ Վիգեն Խաչատրյանի և Հայկ Նազարյանի հետ:
«Վատ չէր, իհարկե, բայց կարող էր ավելի լավ լինել։ Այն ինչ եղավ, եղավ` ոչինչ չես կարող հետ բերել, պիտի առաջ նայես ու առաջ շարժվես։ Ուզում էի իրոք հաղթեի, որ այն նվիրեի մեր զինվորներին և զոհերին»,–ասաց Սիմոն Մարտիրոսյանը` հավելելով, թե չստացվեց ոսկի բերել, քանի որ այդ օրն իրենը չէր։
Իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն էլ նշեց, որ երրորդ տեղը հայաստանյան պայմանների համար ոսկի է։
«Սառույցը կոտրվեց. ջահել սերունդը, որ պետք է սկսվի մարզվել, սա արդեն իսկ կարող է լավ սկիզբ դառնալ։ Մեր վատ պայմաններում որ նման արդյունք ունեցանք, արդեն իսկ մեծ բան է»,–ասաց նա` հիշեցնելով, որ խորհրդային ժամանակներից հետո սա Հայաստանի առաջին մեդալն է մարմնամարզության մեջ։
Նշենք, որ օլիմպիական մեդալակիներին դիմավորելու էին եկել նրանց ծնողները, հարազատներն ու բարեկամները, ընկերները, սպորտային մարմնամարզության և ծանրամարտի տղամարդկանց հավաքականների անդամները։
Հիշեցնենք, որ Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը դեռևս նվաճել է 3 մեդալ՝ երկու արծաթ և մեկ բրոնզ։
Արծաթե մեդալակիրներ են աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը և աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Իսկ բրոնզե մեդալը նվաճել է սպորտային մարմնամարզիկ, Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը: Հայաստանն այս պահին 62-րդ տեղում է։
Հայաստանի պատվիրակությունը 17 անդամից է բաղկացած, և դեռևս պայքարի մեջ է մնացել բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) և ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ): Հովհաննես Բաչկովն արդեն իր համար ապահովել է օլիմպիական բրոնզե մեդալը, և վաղը` օգոստոսի 6-ին, կպայքարի եզրափակչի ուղեգրի համար:
Վաղը պայքարի մեջ կմտնի նաև Վազգեն Թևանյանը: