ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի առաջին խաղում մրցակցի հարկի տակ հանդիպեց Ղազախստանի «Կայրաթի» հետ։ Խաղն ավարտվեց 0։0 հաշվով։
Առաջին խաղակեսը սկսվեց «Կայրաթի» ֆուտբոլիստների ակտիվ գործողություններով։ Դաշտի տերերն ունեին խաղային ու տարածքային առավելություն և լրջորեն սպառնում էին հայկական թիմի դարպասին։ Սակայն հաշիվը բացելու ռեալ հնարավորություն ունեցավ «Ալաշկերտը»։ Մրցավարները «Կայրաթի» պաշտպան, Երևանի «Ուլիսի» նախկին ֆուտբոլիստ Ռադե Դուգալիչի գործողություններում խախտում տեսան, և «Կայրաթի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված։ Բայց Ալեքսանդր Գլիշիչը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը, ու թիմեր գնացին ընդմիջման 0։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում «Կայրաթը» ուներ մի փոքր առավելություն, սակայն մեր թիմը վստահ պաշտպանվում էր և կարողացավ սեփական դարպասն անառիկ պահել։
Պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց Երևանում, և հաջորդ փուլ դուրս գալու համար այդ խաղում «Ալաշկերտին» հաղթանակ է պետք։