ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Երևանի պետական համալսարանի ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ԺՊ-ին, որի անունը մինչ այս գաղտնի էր պահվում։
Նշենք, որ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ապրիլի 23–ին պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել։
Այսօր նրա վերջին աշխատանքային օրն է, վաղը պաշտոնը կստանձնի Հովհաննես Հովհաննիսյանը։
ԿԳՄՍ նախարարը նախ շնորհակալություն հայտնեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին կատարած ողջ աշխատանքի համար, այնուհետև շնորհավորեց նորանշանակ պաշտոնակատարին։
Իր հերթին Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց որոշման համար, նշեց, որ շատ անելիքներ կան, առաջիկայում առանձին կհանդիպի ամբիոնի վարիչների, դեկանների հետ` հասկանալու նրանց մտահոգությունները։
«Մի շարք անելիքներ ունենք, որպեսզի համալսարանը դառնա իրապես կրթական հաստատություն, զերծ քաղաքական, կուսակցական բոլոր տեսակի շահարկումներից։ Դրանք պետք է թողնենք անցյալում։ Ինքս այստեղ եմ եկել որպես ապակուսակցական, ապաքաղաքական մարդ և համալսարանն այլս չի տեսնելու այն, ինչը տեսել է նախկինում»,–ասաց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանին ԵՊՀ ռեկտոր նշանակելու լուրերը վաղուց էին շրջանառվում, երբ նա ԿԳՄՍ փոխնախարար էր (ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի օրոք)։
Մամուլը գրում էր, որ Հովհաննիսյանը դոկտորականի պաշտպանությունն արագացնում է, որպեսզի ռեկտոր նշանակվի։
Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսության թեման հաստատվել է 2014 թ.ին, իսկ նախնական պաշտպանությունը տեղի է ունեցել 2018 թ.-ին։
Իսկ դոկտորի կոչում նա ստացավ այս տարի: