Հայաստանը պետք ձգտի ադրբեջանական կողմին թելադրել իր օրակարգը. Մանգասարյան

Վիտալի Մանգասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՊՆ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի կարևոր դրույթներին, սահմանային լարվածության հանգուցալուծման տարբերակներին, ինչպես նաև սահմանազատման ու ապաշրջափակման խնդիրներին։
Sputnik
Թշնամին կրակում է մեր սահմաններին, իսկ մենք խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման մասին, մինչդեռ երկրի ղեկավարությունը պետք է հստակեցնի, թե որոնք ենք բանակի առջև դրված առաջնահերթ խնդիրները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը։
Նրա խոսքով` Հայաստանը պետք ձգտի ադրբեջանական կողմին թելադրել իր օրակարգը և՛ ուժային, և՛ դիվանագիտական բաղադրիչներով, ու թեև առաջնահերթություն է տրվում խնդիրը դիվանագիտական ճանապարհով հանգուցալուծելուն, սակայն մինչ օրս հայկական դիվանագիտության քայլերը տեսանելի չեն, և որևէ արդյունք, ըստ էության, չկա։
«Այնպիսի տպավորություն է, որ վարչապետը երեկ գտնվում էր ոչ թե ՊՆ–ում, այլ էկոնոմիկայի նախարարությունում, որովհետև ճանապարհների ապաշրջափակման, դեմարկացիայի հետ կապված հարցերը գեներալիտետի իրավասության տիրույթում չեն։ Այնինչ ՊՆ–ում երկրի ղեկավարությունը պետք է հստակեցներ, թե որոնք են բանակի առջև դրված առաջնահերթ խնդիրները, անհրաժեշտ է այսօրվանից պարզել, թե ինչպիսի բանակ ենք ուզում ունենալ երկու–երեք տարի հետո»,– ասաց փորձագետը։
Մանգասարյանի կարծիքով` դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցում պետք չէ շտապել, որովհետև Ադրբեջանի այսպես կոչված տարածքային ամբողջականության ճանաչման պարագայում արցախյան խնդիրի էջը մեր ձեռքով իսկ կփակենք, մինչդեռ արցախյան հարցն ուղիղ համեմատական է մեր բանակի հզորացմանը։ Ըստ նրա`միայն դիվանագիտության և բանակի ներդաշնակ և զուգահեռ հզորացմամբ հնարավոր կլինի լուծել Հայաստանի համար օրակարգային ու կենսական նշանակություն ունեցող հարցերը։
Հիշեցնենք`ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր ՊՆ և աշխատակազմին ու ԶՈւ բարձրագույն սպայակազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին: 
Կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի. Փաշինյան