ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Բրիտանացի և ամերիկացի գիտնականներն առաջարկել են փոփոխություններ անել շախմատային խաղի կանոններում, որպեսզի հավասարեցնեն խաղի շանսերը և՛ սպիտակներով, և՛ սևերով խաղալու դեպքում:
Ինչպես Լոնդոնի Թագավորական քոլեջի կայքում գրում է գաղափարի համահեղինակ, տնտեսագետ Մեհմեթ Իսմայիլը, առաջարկի էությունը հետևյալն է` սպիտակների առաջին քայլից հետո սևերը պատասխան երկու քայլ են անում, այնուհետև երկու քայլ անընդմեջ սպիտակներն են անում: Դրանից հետո քայլերի հերթականությունը շարունակվում է սովորական կարգով (այսինքն` սևերը մեկ պատասխան քայլ են անում, սպիտակները նույնկերպ են պատասխանում և այլն):
Իսմայիլի և գաղափարի համահեղինակ, Նյու Յորքի համալսարանի գիտնական Ռիչարդ Բրամսի կարծիքով ՝ այդպիսով չեզոքացվում է առաջին քայլի առավելությունը, որը ստանում են սպիտակները: Նրանց կարծիքով` շախմատիստները հեշտությամբ կհարմարվեն փոփոխություններին։
Գիտնականներն ուսումնասիրել են աշխարհի առաջատար շախմատիստների մասնակցությամբ մրցաշարերի վիճակագրությունը և պարզել, որ հաղթական ավարտ ունեցող պարտիաներից 64 տոկոսի դեպքում հաղթում են սպիտակները:
Նրանց խոսքով` շախմատային խաղերում ոչ մեծ առավելություն է ստանում այն խաղացողը, որը սպիտակներով է խաղում առաջին պարտիան (թեև հանդիպումների ժամանակ շախմատիստները սպիտակներով ու սևերով նույն քանակի պարտիաներ են խաղում):