ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում հատուկ վերականգնողական ծրագրերով կօգնեն օտարերկրացիներին ազատվել կորոնավիրուսով վարակվելուց հետո ի հայտ եկած բարդություններից։ Այստեղ բուժվել ու վերականգնվել ցանկացողների մեծ մասը ԱՊՀ երկրներից է։ Քաղաքի իշխանությունները դա բացատրում են նրանով, որ այդ երկրներից Ռուսաստան հասնելն ավելի հեշտ է։ Վերականգնողական ծրագրերը հասանելի են առողջարաններում։
Մինչև 2021 թվականի ավարտը բժշկական զբոսաշրջության շնորհիվ Սանկտ Պետերբուրգի իշխանություններն ակնկալում են ընդունել 99 հազար օտարերկրացու։ Անցյալ տարի առողջությունը վերականգնելու համար քաղաք է այցելել 96,7 հազար օտարերկրյա քաղաքացի։
Այս տարվա մայիսի տվյալներով՝ քաղաքն արդեն ընդունել է գրեթե 41 հազար հոգու: Հիվանդների մեծ մասն Ուզբեկստանի քաղաքացիներն են (11 հազար մարդ), երկրորդ տեղում Տաջիկստանն է (7,2 հազար մարդ), իսկ երրորդում ՝ Ուկրաինան (4,5 հազար մարդ):
Սանկտ Պետերբուրգում բժշկական օգնություն ստանալու ցանկություն ունեցող քաղաքացիների թվով տասնյակում է նաև Հայաստանը։ Այս ցանկում են Բելառուսը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Մոլդովան և Չինաստանը: Խոսքը ոչ միայն այն օտարերկրացիների մասին է, որոնք հատուկ բուժման նպատակով են մեկնում Ռուսաստան, այլև Ռուսաստանի տարածքում մշտապես բնակվող ներգաղթյալների մասին։
Այսօր կորոնավիրուսը հաղթահարած օտարերկրացիներին Պետերբուրգում պատրաստ են ընդունել 28 առողջարաններ։