ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի– Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը` կապված սահմանային բնակչության իրավունքների խախտումների հետ:
Թաթոյանը ՀՀ նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների, բողոքների քննության արդյունքները: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքներով շարունակաբար խախտում են Հայաստանի Հանրապետության սահմանային համայնքների բնակիչների իրավունքները: Փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հրահրում են հրաձգություններ, իսկ ՀՀ զինված ուժերը կատարում են բնակչության պաշտպանության գործառույթ:
Թաթոյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից այդ խախտումների փաստերն արդեն իսկ ներկայացվել են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։
ՀՀ նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի շուրջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։
Սակայն դրան հաջորդող օրերին նույնպես ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` կրակելով հայկական դիրքերի ուղղությամբ։
Ավելին` հուլիսի 29–ի լույս 30–ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։
Հուլիսի 30–ին խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Հուլիսի 31-ին ադրբեջանցիները կրակ են բացել Երասխի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ կատարել, ավելի ուշ նրանք կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա։