Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը աշխատանքային այցով Մարտակերտում էր, բնակիչների հետ զրույցում հայտարարել է, որ տարածաշրջանն այնպիսին է, որ ինքնուրույն միայնակ հնարավոր չէ ապահովել խաղաղություն և անվտանգություն։
Նրա խոսքով`30 տարվա ընթացքում ունեցել ենք հաղթանակ, որը եղել է ժամանակավոր հաջողություն, քանի որ եթե հաղթանակը վերջնական չէ, չի կարող հաղթանակ լինել։
«Ունեցել ենք անհաջողություն։ Դա պարտություն չէ, բայց մենք պետք է վերագտնենք մեզ, շարունակենք մեր պայքարը»,–ասել է Հարությունյանը։
Անդրադառնալով Արցախի անվտանգությանը, նախագահը շեշտել է, որ եթե չլիներ ռուսական զորքի մուտքը տարածաշրջան, ապա շատ ավելի ուրիշ ճակատագիր մենք կունենայինք։
«Ռուսական զորքի առկայությունը ոչ թե պիտի լինի ժամանակավոր, այլ մշտական»,–ասաց ԱՀ նախագահը։
Նա շեշտեց, թե կան հիմար մեկնաբանություններ. մարդիկ իրենց արդարացնելու կամ մեղքն ուրիշի վրա բարդելու համար տարբեր բաներ են ասում։
«Միանշանակ ուզում եմ իմանաք, որ դավաճան չի եղել, դավաճանություն չի եղել։ Մենք կռվել ենք աշխարհի դեմ` ունենալով շատ սահմանափակ հնարավորություն։ Որևէ մեկի վրա հույս չդնեք, որ այդ մեկը գալով` կարող է այս երկիրը փրկել։ Փրկողները մենք ենք` այստեղ ապրողները։ Մենք ուրիշ բարեկամ չունենք, դրա համար պետք է գիտակցենք մեր անելիքները»,–ասել է նա։
Այս համատեքստում Հարությունյանը տեղեկացրել է նաև 25 մլն դոլար արժողությամբ խոշոր ներդրումային նախագծի մասին։ Մասնավորապես, խոսքը Չարեկտար– Գետավան հատվածում հիդրոէլեկտրակայանի կառուցման մասին է։
Նրա խոսքով՝ եթե մինչև 2022 թվականի նոյեմբեր էլեկտրաէներգիա չարտադրվի, ապա ձմռանը անջատումներ կլինեն։ Սպասվում է նաև Սարսանգ – Մատաղիս հիդրոէլեկտրակայանի կառուցում, որի արժեքը կազմում է 45 մլն դոլար:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: