Ապրիլյանի ժամանակ հետախուզության հետ կապված խնդիր չի եղել. Օհանյանը հերքեց Սարգսյանի ասածը

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը, որի ժամանակ էլ Սեյրան Օհանյանը եղել է պաշտպանության նախարար, հայտնել էր, որ հետախուզությունը թերացել է ապրիլյան պատերազմի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության հետ կապված Հայաստանը խնդիրներ չի ունեցել: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին վստահեցրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Ապրիլյան պատերազմի ժամանակ ի՞նչ է արել Փաշինյանի ստորաբաժանումը. մանրամասնում է Օհանյանը
«Ապրիլյան պատերազմին հետախուզության հետ կապված ռազմավարական և օպերատիվ-մարտավարական մակարդակներում խնդիրներ չենք ունեցել»,–ասաց Օհանյանը։
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2020-ի օգոստոսի 19-ին իր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը հայկական կողմի համար անակնկալ է եղել, քանի որ հետախուզությունը թերացել է։ Լրագրողներն այսօր Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին, թե ինչ կասի այդ մասին, ինչին ի պատասխան նա նշեց, որ չի լսել նման բան։
Հիշեցնենք` Սարգսյանը հայտարարել էր` չեն իմացել, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմական գործողության, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է, այստեղ տարակուսելի ոչինչ չկա։
Նրա խոսքով` նախնական տեղեկություններ են ունեցել արդեն ապրիլի 1-ին՝ օրվա երկրորդ կեսին, որ Ադրբեջանից կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն։
Ի դեպ, Օհանյանը 2008-2016թթ. է եղել ՀՀ պաշտպանության նախարար։
«Փաշինյանն Ապրիլյան պատերազմից հետո իմ գրասենյակ եկավ». Օհանյանը պատմեց` ինչ են խոսել