ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ունենալ դեմարկացված և դելիմիտացված սահմաններ, մոտավորապես նույնն է, թե ունենալ պարիսպ սեփական երկրի շուրջ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն է արել Պաշտպանության նախարարության աշխատակազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին հետ հանդիպման ժամանակ, որոնց ներկայացրել է նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Փաշինյանի խոսքով` անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ տարածքում և այդ պայմաններում դեմարկացիայի ու դելիմիտացիայի պրոցես իրականացնելը:
«Հայաստանի դիրքորոշումները, կարծում եմ, համահունչ են և արտահայտված են միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որն արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության նոյեմբերից հետո հրապարակված մի քանի հայտարարություններով: Շատ կարևոր է նաև արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես ապրիլի 13-ի հայտարարությամբ, արձանագրել են կարգավորման անհրաժեշտությունը կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Այսինքն՝ ինչի՞ համար եմ սա ասում, որպեսզի հստակ արձանագրենք, որ միջազգային հանրությունն ինքն է արձանագրում կոնֆլիկտի լուծման անհրաժեշտությունը, հետևաբար արձանագրում է կոնֆլիկտի գոյությունը»,–ասել է նա:
Փաշինյանը անդրադարձել է նաև նախընտրական շրջանում տրված այն խոստմանը, որ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան է բացվելու։
«Մենք վճռական ենք այս ճանապարհով գնալու համար, բայց պիտի արձանագրենք, որ ցավոք դա միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված: Սա է ամբողջ խնդիրը: Այն կախված է նրանից, թե մեր և միջազգային հանրության ջանքերով ինչքանով կկարողանանք տարածաշրջանի խաղաղությանը սպառնալիք հանդիսացող երկրներին բերել կառուցողական դաշտ, բայց մյուս կողմից մենք պետք է ընդունենք նաև այդ օրակարգը, որ մենք էլ մեր հերթին պետք է լինենք մաքսիմալ կառուցողական, որպեսզի ժողովրդից ստացած մանդատը կարողանանք իրացնել, իհարկե ոչ երբեք Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերի հաշվին»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Չնայած դրան, վերջնական խաղաղությունը տարածաշրջանում հաստատված չէ, Ադրբեջանը հիմա էլ մտնում է ՀՀ սուվերեն տարածք և բախումներ հրահրում Հայաստանի տարածքում։