ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը և լուսանկարներ հրապարակել։
Յոլյանը նշել է, որ Շուռնուխում և Որոտանում հետպատերազմական շրջանում բնակավայրերի բնակիչները, որպես առաջնահերթ խնդիր, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ներկայացրել էին բնակարանաշինության հարցը, ինչին համայնքի ղեկավարն արագ արձագանքել էր։
«Բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքները ընթացիկ են։ Հիմնովին նորոգվում են համայնքային ենթակայության երկու շենքերը, որի արդյունքում բնակավայրերի 11 ընտանիք նոր բնակարան կունենա»,–նշել է Գորիսի փոխհամայնքապետը։
Հիշեցնենք` պատերազմական գործողություններից հետո սահմանազատման աշխատանքների ժամանակ Շուռնուխի 13 տների բնակիչներ զրկվել են տնից։
Կառավարության որոշմամբ` պահուստային ֆոնդից քաղաքաշինության նախարարությանը 470 մլն դրամ էր հատկացվեց` Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով։
Տներից զրկված քաղաքացիներին հատկացվում էր նաև 300 հազար դրամ միանվագ և 68 հազարական դրամ (6 ամսվա ընթացքում) աջակցություն։