ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը ակտիվ ջանքեր է գործադրում տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացն իրականացման համար։ Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով ՝ Ռուսաստանը և միջազգային հանրությունը շահագրգռված են, որպեսզի Անդրկովկասը դառնա խաղաղության և կայունության տարածաշրջան, որը դինամիկ և հաջողությամբ զարգանում է և իր ներդրումն է ունենում միջազգային, տնտեսական կապերի մեջ:
«Մեզ համար դա հատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը ԵԱՏՄ կազմում են։ Բնականաբար, կապերի ապաշրջափակումը դրական ազդեցություն կունենա մեր միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների վրա», - ասել է Կոպիրկինը։
Նա նշել է, որ դա նաև տնտեսական, քաղաքական առումով կապ կստեղծի շատ կարևոր գործընկերների՝ մասնավորապես ՝ Իրանի հետ։ Այդ պատճառով Ռուսաստանը, չնայած առկա խնդիրներին, ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի սկիզբ դնի այդ գործընթացին։
Դեսպանն ընդգծել է, որ տրանսպորտային շրջափակման հաղթահարումը կարևոր է նաև Հայաստանի համար: Դա թույլ կտա բացահայտել երկրի, հայ ժողովրդի ներուժը ՝ որպես շատ հեռանկարային տնտեսական օպերատոր։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ: