Ռուսաստանից ու ԱՄՆ-ից տրանսֆերտների ներհոսքը գերազանցել է սպասումները. ԿԲ

ԿԲ-ի կանխատեսումները փոխվել են. սպասվում է, որ ԱՄՆ-ից դրամական փոխանցումները կսկսեն կրճատվել միայն 2022 թվականի սկզբին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանից ու ԱՄՆ-ից տրանսֆերտների ներհոսքը գերազանցել է կանխատեսվող ցուցանիշները։ Տեղեկությունը ՀՀ Կենտրոնական բանկում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը։
Փաստացի ներհոսքը և՛ Ռուսաստանից, և՛ ԱՄՆ-ից ավելի շատ էր, քան ակնկալում էր ԿԲ-ն։ ԱՄՆ-ից ստացվող մուտքերի կրճատում սպասվում է միայն 2022 թվականի սկզբից, երբ կավարտվեն տնային տնտեսությունների դրամական աջակցության ծրագրերը (COVID relief):
Մթերքի համաշխարհային գները դեռ բարձր կմնան. ՀՀ ԿԲ
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե երբ է ԱՄՆ-ն ուզում «փակել» իր ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը, սակայն ակնհայտ է, որ այդ մասին խոսակցություններն ավելի հաճախակի են դառնում, առավել ևս, որ ԱՄՆ-ում գնաճը գերազանցում է 5 տոկոսը. նման բան վաղուց չի եղել:
Նշենք, որ տարեսկզբից տրանսֆերտների ներհոսք է արձանագրվում ոչ միայն Ռուսաստանից (հիմնական աղբյուրը) ու ԱՄՆ-ից, այլև Ղազախստանից ու Ֆրանսիայից (մյուս երկու համեմատաբար խոշոր աղբյուրները)։
Նշենք, որ Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն՝ Հայաստանի արտաքին վճարային հաշվեկշիռը 2021-ի առաջին եռամսյակում (վերջին հասանելի տվյալները) կազմել է մինուս 82 մլն դոլար՝ 2020-ի առաջին եռամսյակի մինուս 233 մլն դոլարի համեմատ: Դրան նպաստել է նաև տրանսֆերտների ներհոսքը: Մասնավորապես, առաջին եռամսյակի ներհոսքը նույնիսկ ավելի բարձր է եղել, քան 2020 թվականի առաջին եռամսյակում (303 մլն դոլար՝ 235 մլն դոլարի համեմատ):
Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետ