ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում Հրայր Թովմասյանը, հրաժարվել են հայտնել` իրենց հատկացված պարգևավճարները ստանո՞ւմ են, թե ոչ։
Նշենք, որ «Հրապարակը» նախորդ ամսվա սկզբին գրել էր, որ Հրայր Թովմասյանը հրաժարվում է իրեն ամեն ամիս աշխատավարձի 30 տոկոսի չափով հատկացվող պարգևավճարներից։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ՍԴ` տեղեկանալու, թե Թովմասյանն իրո՞ք չի ստանում պարգևավճար կամ էլ կա՞ որևէ դատավոր, որը հրաժարվում է պարգևավճարից։
Այսպիսով, ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը մեր հարցմանն ի պատասխան նշել է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն տվյալ անձի համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց վարձատրության մասին տեղեկություններ տրամադրելու հարցի վերաբերյալ համաձայնություն չեն տվել, իսկ օրենքով սահմանված չէ ՍԴ-ի դատավորների վարձատրության մասին տեղեկություններ տրամադրելու որևէ դեպք՝ հարցումը ենթակա է մերժման»,–հայտնել է ՍԴ մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք, որ 2020-ի հունիսին Ազգային ժողովում 2019թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնել էր, որ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը տևական ժամանակ է՝ հրաժարվել է պարգևավճարներից և իր կարգադրության մեջ իրեն բացառություն է անում։ Նրա խոսքով` այս շրջանում պարգևավճարներ չեն հատկացվել նաև Վահե Գրիգորյանին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նա չի մասնակցում ՍԴ աշխատանքներին: