Զինծառայողի դին հայտնաբերվել է անտառում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Արցախի դիրքերից մեկի մոտակայքում հայտնաբերված 23–ամյա զինծառայողի ձեռքը կտրված է եղել, վնասվածքներ են եղել նաև կրծքավանդակի ու որովայնի շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՊԲ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պարգև Նվերի Մարգարյանի դին հայտնաբերվել է անտառում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Արցախի ՊԲ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ զորամասն ինքնակամ թողած պարտադիր ժամկետային զինծառայողին գտել են հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊԲ N զորամասի մշտական տեղակայման վայրից մոտ 1,5 կիլոմետր հեռավորության վրա։
Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Պարգև Մարգարյանը հայտնաբերվել է աջ դաստակի ամպուտացիա, կրծքավանդակի և որովայնի շրջանների մահացու վնասվածքներով։
Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածքները ստացել է իր մոտ ապօրինի պահվող նռնակի պայթյունի հետևանքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:
Գեղարքունիքում ծանր վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է. նա տեղափոխվել է հիվանդասենյակ