Ոստիկանության նոր պարեկային ծառայությունը հասանելի կլինի նաև Լոռիում և Շիրակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հուլիսի 26-ից օգոստոսի 7-ը պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում անցկացվում է միասնական ընդունելություն-մրցույթ։ Մրցույթին մասնակցում են ինչպես ոստիկանության ծառայող չհանդիսացող անձինք, այնպես էլ ոստիկանության ծառայողները։
Ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով:
Ընդունելություն-մրցույթի համար սահմանված է 570 տեղ, որից 258-ը՝ Լոռու մարզի, 257-ը՝ Շիրակի մարզի համար, նախատեսված է ևս 55 տեղ՝ Երևան քաղաքում պարեկների թիվը համալրելու նպատակով։
Ընդունելության համար կարող են դիմել միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:
Դիմորդը կրթահամալիր պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, կրթության մասին վկայական, 4 լուսանկար (4x6 չափսի), եթե արական սեռի ներկայացուցիչ է՝ զինգրքույկ, մերձավոր ազգականների անձնագրերը, տեղեկանք բնակության և հաշվառման վայրերից և «B» կարգի վարորդական իրավունքի վկայական՝ պատճենով, կամ պարտավորագիր՝ դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական իրավունքի վկայականը ներկայացնելու վերաբերյալ։