ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչներ Տ. Ա-ն և Վ. Ա-ն 1,500,000 ՀՀ դրամ կաշառք են պահանջել Մասիս քաղաքում գործող խանութի տիրոջից։ Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տեսուչներն օգտվել են այն հանգամանքից, որ իրենց լիազորություններն իրականացնելիս անհատ ձեռնարկատեր Ս.Գ-ի՝ Մասիս քաղաքում գործող խանութում հայտնաբերել են հսկիչ-դրամարկղային կտրոն չտրամադրելու դեպք, 2021 թվականի հուլիսի 16-ին այցելել են նրա խանութ և տնտեսվարողի կողմից թույլ տրված ենթադրյալ խախտումները հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չարձանագրելու համար նրանից անձամբ պահանջել են կաշառքը։
Չհամաձայնելու դեպքում տեսուչները սպառնացել են քրեական գործ հարուցել։
2021 թվականի նրանք հուլիսի 30-ին տնտեսվարողից շորթմամբ ստացել են պահանջված գումարից 1,200,000 ՀՀ դրամ կաշառքը, որից հետո տեղում բռնվել և բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:
Տեսուչներից մեկի մոտ հայտնաբերվել և վերցվել է հատուկ քիմիական նյութով մշակված և ուլտրամանուշակագույն լույսի ներքո «կաշառք» գրառումով լուսարձակող 1,200,000 ՀՀ դրամ կաշառքի առարկան:
Քրեական գործով ձեռքբերված ապացույցների բավարար համակցության պայմաններում տեսուչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը խոշոր չափերով) նախատեսված հանցագործություն կատարելու համար։ Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ պաշտոնատար անձանց կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: