Այսօր` օգոստոսի 2–ին, ԱԺ 8–րդ գումարման անդրանիկ նիստն է։
Նշենք, որ հունիսի 20–ին կայացած Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան են անցել իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։
Առաջին նիստը մեկնարկեց մեկ րոպե հարգանքի տուրքով` 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Այն վարում էր տարիքով ամենաավագ պատգամավորը` ազգային փոքրամասնությունը ներկայացնող Կնյազ Հասանովը։ Նիստին ներկա էին նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2–րդ կաթողիկոսը։
«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավորները խորհրդարան էին եկել Սյունիքի` կալանավորված համայնքապետների նկարներով շապիկներով։ Նրանք բոյկոտում էին նիստը և պահանջում էին պատգամավորական մանդատ ստացած Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը և Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ազատ արձակվեն և ներկա գտնվեն նիստին։
Ամենաշատ մանդատ ստացած իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, կարճ ժամանակ անց ստացվեց ՀՀ նախագահի հրամանագիրը` Փաշինյանին կրկին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին։