ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Այսօր Երևանում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 1-ին` ժամը 00։40-ի սահմանում, կրակոցներ են հնչել Խանջյան փողոցից դեպի Վերնիսաժ տանող հատվածում։ Մոտակայքում հայտնաբերվել է Հայաստանում հայտնի գործարարներից մեկին պատկանող մեքենան, որի վրա կրակոցի հետքեր են եղել։
Инцидент с обстрелянным автмобилем в районе площади Сахарова
© Photo
Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` մի քաղաքացի ժամը 00:55-ին ահազանգել է, որ Երևանի Սախարովի հրապարակի մոտ կրակել են իր ավտոմեքենայի վրա:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:55-ի սահմանում, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտակայքում, մեկն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոցներ է արձակել վերոնշյալ քաղաքացու «Ռենջ Ռովեռ Սպորտ» մեքենայի ուղղությամբ։ Սակայն ավարտին չի հասցրել հանցագործությունը։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է 8 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ, իսկ նշված մեքենան զննելու ընթացքում վարորդի դռան ուղղությամբ հայտնաբերվել է կրակոցի 5 հետք:
Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքավորումները, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ է, որ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մասով:
Shamshyan.com–ի տեղեկություններով` կասկածյալը 31-ամյա Սարգիս Գ.-ն է:
Նրան ձերբակալելու որոշում է կայացվել։ Նախաքննությունը շարունակվում է: