ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Լյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու և Լոգինովի անվան լյարդի հիվանդությունների ախտորոշման եւ բուժման Մոսկվայի կլինիկական գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Սերգեյ Բացկիխն ասել է, թե որտեղ են ամենից հաճախ վարակվում հեպատիտ B-ով: Ըստ բժշկի` խոսքն ատամնաբուժական կաբինետի մասին է, քանի որ մասնագետները հաճախ չեն պահպանում անվտանգության կանոնները: Նրա խոսքը մեջբերում է «Говорит Москва» ռադիոկայանը։
«Թող ներեն ինձ ատամնաբույժ-գործընկերներս, առաջին տեղում թերևս հենց ատամնաբուժարանն է։ Հեպատիտ B-ի վիրուսով վարակվելու համար բավական է վարակված արյան մեկ հարյուրհազարերորդ միլիլիտրը»,-ասել է մասնագետը և ավելացրել, որ հեպատիտ С-ի վիրուսով շատ ավելի դժվար է վարակվել։
Նացկիխն ավելացրել է, որ պետք է բուժում ստանալ ստուգված տեղերում։
«Ատամնաբույժը չպետք է պարզապես բամբակով մաքրի և փոխի բոր-մեքենայի գլխիկը, այլ պետք է ձեր ներկայությամբ պահարանից հանի փակ, հերմետիկ տուփը և ձեր ներկայությամբ բացի գլխիկը»,-ասել է նա։
Խոսելով վարակման ամենատարածված ուղիների մասին` բժիշկը հիշեցրել է նաև պիրսինգը, տատուաժն ու մատնահարդարումը, որոնք արվում են կասկածելի տեղերում, ինչպես նաև անկանոն սեռական կապերն ու միասեռականությունը։
Ինչպես պատմել է Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան Առաջին պետական բժշկական համալսարանի նորարարական թերապիայի գիտահետազոտական բաժնի վարիչ Չավդար Պավլովը, հեպատիտ B-ի հիմնական ախտանշաններ են համարում որովայնի ծավալի և ոտքերի այտուցվածության ավելացումը: Սակայն նման դրսևորումները վկայում են, որ հիվանդությունն արդեն լուրջ փուլում է։ Բացի այդ, հեպատիտ B-ն կոնկրետ ախտանիշներ, հատկապես վաղ փուլերում, չունի: