ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով, տուժել է 30–ամյա տղամարդ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ հուլիսի 30-ին` ժամը 05։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց ժամանած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այդ պահին ի վիճակի չէ կատավածի մասին բացատրություն տալ։
«Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գրիգոր Գալստյանն է, որը հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ իրենց շենքում վայր է ընկել»,–գրում է կայքը։
Կրակոցներ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ
Մինչդեռ ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը, ժամը 03։00-ից 03։30-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի պողոտայի 57 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Գալստյանի և Երևանի բնակիչ` 31-ամյա Հարություն Գրիգորյանի միջև, որի ժամանակ վերջինս դեռևս չպարզված հրազենից կրակել է Գալստյանի ուղղությանբ, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածք է ստացել։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Հարություն Գրիգորյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։