8 սեանս` անվճար. ՀՀ–ում առաջին անգամ պետական հոգեբանական աջակցություն են տրամադրում

Ծրագրի շահառուներն են անհայտ կորածների և գերիների ընտանիքների անդամները, վերադարձած գերիները, պատերազմի մասնակիցները` հատկապես վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինծառայողները, տեղահանվածները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik, Ժաննա Պողոսյան. Հայաստանում առաջին անգամ գործարկվել է պետական հոգեբանական աջակցության ծրագիր։ Ծրագրի առաջարկը կառավարությունում եղել է 44-օրյա պատերազմից հետո` 2021-ի փետրվարին։ Այն ընդունվել և ներդրվել է մայիսից և տևելու է մինչև դեկտեմբեր ամիսը։

Ծրագրի շրջանակում պրոֆեսիոնալ հոգեբանական աջակցություն է տրվում անհայտ կորածների և գերիների ընտանիքների անդամներին, վերադարձած գերիներին, պատերազմի մասնակիցներին` հատկապես վիրավորում կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, տեղահանվածներին։

Հայաստանում ծնվող երեխաներն ավելացել են. պատերազմի հոգեբանական հետքը ծնելիության վրա

«Մեր ժողովուրդը շատ զգայուն և շատ հայրենասեր է, և ոչ մեկը անմասն չի մնացել պատերազմի ցավից։ Ուսումնասիրելով հանրության անկումային տրամադրությունները` որոշեցինք հոգեկան առողջության կազմակերպման ծրագիր իրականացնել, թույլ տալ մեզ այն շռայլությունը, որ շատ զարգացած երկրներ կարողանում են անել», – լրագրողների ասել է արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբվյանը։

Ծրագիրն ապրիլին հանձնարարվել է ԱԻՆ–ին, մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել է ընդամենը երկու կենտրոն։ Մրցույթը շահել է Սեդա Ղազարյանի անվան «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը, սակայն սահմանափակ ռեսուրսներ ունենալու հետևանքով այս ծրագրի վրա փոխհամաձայնությամբ աշխատում են նաև այլ կենտրոններ։

«Մինչև այս ծրագիրն էլ ԱԻՆ-ի թեժ գիծն աշխատում էր ու շարունակում է աշխատել, ստանում էինք հազարավոր զանգեր` հոգեբանական անկումնային վիճակների մասին։ Նման ահազանգեր ստանում էին նաև ՊՆ–ն և ոստիկանությունը», – բացատրելով ծրագրի կարևորությունը` ասում է Հակոբյանը։

Ծրագիրն արժե 100 մլն դրամ, դրանում ներառված են 60 հոգեբաններ, շահառուների թիվը 726 է։ Թեև շահառուները հիմնականում պատերազմից ուղիղ տուժածներն են (պատերազմի մասնակիցներ կամ տեղահանվածներ), ցանկացած քաղաքացի կարող է զանգել ծրագրի թեժ գծին։ Պարզապես, ի տարբերություն շահառուների, նման քաղաքացին կարող է անվճար հոգեբանական օգնություն ստանալ հեռախոսով, այլ ոչ թե տետ–ա–տետ։

Ու՞ր են «կորել» Ավանի հոգեբուժարանում բուժում ստացող 27 անձինք. դատախազության բացահայտումը

«Ծրագրի շրջանակում հոգեբանը շահառուի հետ անցկացնում է ութ անվճար սեանս։ Արդեն ունենք 70-ից ավելի ավարտած դեպքեր` 70–ից ավելի մարդու հետ 8 սեանսն արվել է։ Ընդհանուր առմամբ արդեն արվել է 1700 սեանս», – նշում է արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանական աջակցության ծրագրի ղեկավար Արտակ Գրիգորյանը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է, որ հոգեբանները աշխատելու են ոչ միայն անհատական սեանսներով, այլև խմբային։ Բացի այդ, կան հոգեբանների շարժական խմբեր, որոնք աշխատում են հեռավոր բնակավայրերում, մարզերում։ Կա նաև սեանսները հեռախոսով և առցանց կատարելու տարբերակ, սակայն Գրիգորյանը նշում է, որ հիմնականում մարդիկ ձգտում են կենդանի շփման։

Ինչպես բացահայտել երեխաների հոգեբանական տրավմաները. փորձագետները լուծումներ են առաջարկում

Ծրագրի իրականացման մեծ խնդիրն այն է, որ Հայաստանում մարդկանց մոտ չկա հոգեբանին այցելելու մշակույթ։ Դրա համար էլ է լուծում գտնվել` հոգեբանական կենտրոնն ինքն է փնտրում շահառուներին։

«Եթե մենք ունենում ենք փորի ցավ, դիմում ենք բժշկի, ատամի ցավ, գնում ենք ատամնաբույժի մոտ, բայց հոգու ցավի դեպքում մտածում ենք` ինքներս կլուծենք այդ հարցը։ 75-80% դեպքերում այդպես էլ կա, բայց կա 20-25% դեպքեր, երբ առանց մասնագետի դժվար է լուծել հարցը և այն գնալով բարդանում է»,- ասում է Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, ինչպես նաև ծրագիրն իրականացնող «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը։

8 սեանս` անվճար. ՀՀ–ում առաջին անգամ պետական հոգեբանական աջակցություն են տրամադրում

Գասպարյանն ասում է, որ հոգեբանության մեջ էթիկական սկզբունք կա` անձը ինքը պետք է դիմի հոգեբանի, բայց հաշվի առնելով այն, որ Հայաստանում ընդունված չէ հոգեբանական ծառայություններից օգտվել, «Ինթրա» կենտրոնի սոցիալական աշխատողներն ամեն օր զանգում են պոտենցիալ շահառուներին, տեղեկացնում, որ նման ծառայություն կա։ Համաձայն մեկ օրվա տվյալների` 34 հոգուց 6-ը ցանկացել էին օգտվել ծառայություններից (մոտ 20%–ը)։

Ծրագրի թեժ գիծն է`060 834 777։ Գծին զանգելուց և խնդիրները ներկայացնելուց հետո, քաղաքացուն ուղղորդում են կոնկրետ հոգեբանի հետ աշխատելու։ Հոգեբանական խորհրդատվության խիստ գաղտնիությունը պահպանվում է։ Ծրագրի բոլոր ութ սեանսները անվճար են։ Նշենք, որ Հայաստանում մեկ հոգեբանական սեանսը կարող է արժենալ 5 հազար դրամից 25 հազար դրամ, այսինքն` ութ սեանսի համար ընդհանուր գինը կլիներ 40 հազարից 200 հազար դրամ։