Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական նշանառության տակ են. Թաթոյանը լուսանկար է հրապարակել

Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած լուսանկարից երևում է, որ տան անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և լուսանկար է հրապարակել Facebook–ի իր էջում։

ՄԻՊ–ի խոսքով` այդ տանն ապրում են ընտանիքով, և այդտեղ է գտնվում նաև նրանց անասնագոմը. մարդկանց անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է:

«Այս իրավիճակները հատկապես նկատի ունեմ, երբ ասում եմ, որ նրանց զինված ուժերի ներկայությունն ինքնին կյանքի իրավունքի խախտում է (իհարկե, մյուս իրավունքների հետ միասին): Երեկ մենք հենց այս կոնկրետ հատվածում էինք, երբ արձակվեցին ադրբեջանական կրակոցները»,–գրել է Թաթոյանը։

Նրա խոսքով` այդ մարտական դիրքից են նաև ադրբեջանական կրակոցներ արձակվում և հուլիսի 23-ին հրահրած կրակոցներով էին սպանել բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր կենդանուն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թաթոյանն այցելել էր Վերին Շորժա և տեղեկացրել, որ երբ բնակիչների հետ հանդիպումներ էր ունենում, հենց այդ վայրում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ արձակեցին: Այդ պահին ստիպված են եղել ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները, բայց հետո վերսկսել են:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել էին սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

Այսօր` հուլիսի 30–ին, Խոցվել է Ադրբեջանի ԶՈւ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։