Կառավարությունը մասամբ կփոխհատուցի մարտական գործողությունների մասնակիցների ուսման վարձը

Արտոնությունը կտարածվի նաև երկու կամ ավելի անչափահաս երեխաների ծնողների վրա, որոնք սովորում են բուհերում կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը մասամբ կփոխհատուցի մարտական գործողությունների մասնակիցների ուսման վարձը: ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը:

Պետությունը կփոխհատուցի 6948 ուսանողի ու նրանց ընտանիքների անդամների ուսման վարձը

Օրինագծով առաջարկվում է մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցել մարտական գործողությունների մասնակիցների, ինչպես նաև երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը: Նրանց համար կներդրվեն նաև առաջադիմության առանձին ցուցանիշներ։

«Նախագծի ընդունման դեպքում ենթադրվում է, որ այս տարի որոշակի առաջադիմության դեպքում մասնակի փոխհատուցում կստանան բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մոտ 4 հազար ուսանողներ», - ասաց Թռչունյանը:

2022 թվականին նման ուսանողների թիվը կկազմի 6800, 2023–ին ՝ 6000, 2024–ին ՝ 4600։

Ուսման վարձը եկամտահարկից փոխհատուցելու գործընթացը մեկնարկել է. ի՞նչ փաստաթղթեր են պետք

Այժմ նման արտոնություններից օգտվում են բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները, սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչները, սահմանամերձ համայնքների ուսանողները։

Պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նշեց, որ համապատասխան փոփոխությունները նախատեսված են նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրինագծում, որն այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանում, և անհասկանալի է, թե ինչու կառավարությունը չի սպասում քննարկման արդյունքներին, որոնք պետք է հայտնի դառնան օրերս։

Փոխնախարարը նշեց, որ քննարկումը կարող է ձգձգվել, ուստի մինչև սեպտեմբեր պետք է համապատասխան կարգավորումներ ունենալ։

Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Նպաստ ստացող ուսանողների շրջանակը կընդլայնվի. ո՞ւմ ուսման վարձը կփոխհատուցի պետությունը