Ադրբեջանը ձեռք է բերում գրեթե անսահմանափակ լծակներ. Հովհաննիսյանը երկու քայլ է առաջարկում

«Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայ–ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությանը, Ադրբեջանի նկրտումներին ու Հայաստանի շահերից բխող առաջնահերթ քայլերին։
Sputnik

Ադրբեջանն ուզում է դեմարկացիա, բայց ցանկանում է նաև մնալ այն տարածքներում, որոնք զավթել է Հայաստանից։ Նման պայմաններում մեր երկիրը հայտնվում է շատ բարդ և խոցելի վիճակում, խաթարվում է սահմանային բնակավայրերի ու բնակիչների անվտանգությունը, բոլոր ենթակառուցվածքները հայտնվում են ուղիղ նշանառության ներքո` դառնալով թիրախ, և Ադրբեջանը ձեռք է բերում գրեթե անսահմանափակ լծակներ` հետագայում ՀՀ–ի վրա ճնշում գործադրելու նկատառությամբ, Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման կարծիք հայտնեց Տարոն Հովհաննիսյանը։

Ադրբեջանական ԶՈւ-ի պատճառով Գեղարքունիքի որոշ գյուղեր զրկվել են խմելու և ոռոգման ջրից. ՄԻՊ

Նրա համոզմամբ` նման իրավիճակը միանշանակորեն անհանդուրժելի և անընդունելի է, որովհետև Հայաստանը մեզ համար լոկ հող չէ, այլ կենսատարածք, հետևաբար զիջելու որևէ տեղ չունենք, և առհասարակ ագրեսիայի դեպքում սահմանազատում չի կարող լինել։

Ըստ նրա`ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին դիմելը ծայրագույն քայլ է, առաջնային մանդատը պատկանում է Ռուսաստանին, իսկ այդ դեպքում դաշտն ընդլայնվում է, այդտեղ Հայաստանի լոբբինգի հնարավորությունները սահմանափակ են, և հայտնի էլ չէ, թե ինչ պատկեր կլինի Անվտանգության խորհրդի բոլոր երկրների հետ հարաբերվելուց հետո։

«Ադրբեջանի գործելաոճն իրական վտանգ է միջազգային իրավակարգի համար, և եթե մայիսի 12-ին միջազգային հանրության կողմից հնչեին Ադրբեջանի ագրեսիան գործնականորեն զսպող ու այդ ուղղությամբ գործնական քայլեր նախատեսող հայտարարություններ, ապա Ադրբեջանն իրեն նման կերպ չէր պահի, ուստի հայ–ադրբեջանական սահմանի լարվածության հարցում կարևոր է միջազգային խաղացողների հստակ դիրքորոշումն ու հստակ քայլերի դիմելը»,– ասաց վերլուծաբանը։

Հովհաննիսյանի կարծիքով` Հայաստանը ստեղծված իրավիճակում պետք է անի երկու բան։ Նախ` իրականացնի հնարավորինս խելացի կառավարում և ռեսուրսները կենտրոնացնի սահմանային անվտանգությունն ապահովելու համար, ինչը ենթադրում է ենթակառուցվածքների հնարավորինս արագ ամրացում, և երկրորդ` այս վայրիվերումներից հետո պետք է կարգավորի արտաքին գերատեսչությունն ու ինտենսիվ աշխատանք տանի միջազգային խաղացողների ու մեր գործընկերների հետ։

Սահմանի վրա ճնշումներով Անկարան ու Բաքուն փորձում են զիջումներ կորզել Հայաստանից․ փորձագետ