Վերաքննիչ դատարանը օգոստոսի 2-ին կքննի Գորիսի համայնքապետին կալանավորելու դեմ բողոքը

Պաշտպանների բողոքի քննությունը կընթանա դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Վերաքննիչ դատարանը կքննի Գորիսի համայնքապետ քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։ Տեղեկությունը հայտնում է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Առուշ Առուշանյանի գործով Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է 2021 թվականի օգոստոսի  2-ին` ժամը 16:00-ին։ Դատավոր` Մնացական Հարությունյան»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի 5 համայնքապետերից 4-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ. Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը, Առուշ Առուշանյանը, Արթուր Սարգսյանը կալանավորված են:

Ավելի վաղ կալանավորման որոշում էր կայացվել նաև Գորիս խոշորացված համայնքի Որոտանի և Քարահունջի վարչական ղեկավարների նկատմամբ: Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն ազատ է արձակվել։

Առուշանյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան