ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Սոթքի հանքավայրը վերսկսել է աշխատանքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց GeoProMining ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
«Գիշերը հանքի տարածքում իրավիճակը հանգիստ է եղել, առավոտյան ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել վերսկսել աշխատանքները։ Ընկերության բոլոր աշխատակիցները վերադարձել են աշխատատեղ և աշխատում են սովորական ռեժիմով», - ասաց նա։
Գրիգորյանը հավելեց, որ գիշերային հերթափոխի աշխատակիցները կաշխատեն, եթե իրավիճակը շարունակի հանգիստ մնալ:
Նշենք, որ հուլիսի 28–ի ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքի աշխատանքը կանգնեցվել էր։
«Սահմանին լարված էր, իսկ Սոթքի համայնքապետը Երևանում էր. ես գնամ, դուք մտածեք». Սանոսյան
Սոթքի հանքավայրը Հայաստանի ոսկու պաշարներով ամենախոշոր հանքավայրն է։ Խորհրդային տարիներին հանքավայրի մի մասը ներառվել է Հայկական ԽՍՀ Վարդենիսի շրջանում, մյուս մասը ՝ Ադրբեջանական ԽՍՀ Քելբաջարի շրջանում։
Արցախյան առաջին պատերազմից հետո ողջ հանքը վերահսկվում էր Հայաստանի կողմից։ Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում հանքի մի մասն անցել է Ադրբեջանին։