Արցախյան հակամարտության ողջ ընթացքում Իրանը միշտ հանդես է եկել հայտարարություններով և ցանկություն հայտնել դառնալու միջնորդ պետություններից մեկը, ու հաշվի առնելով նաև վերջին պատերազմից հետո թուրքական գործոնի ակտիվացումը` Իրանը ձգտում է հետ չմնալ գործընթացներից և որևէ ձևաչափով փորձում է ներգրավվել բանակցություններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը։
«Բազմիցս առաջարկվել է «3+3» ձևաչափը և Խաթիբզադեի հայտարարությունը որոշակիորեն վերաբերում է նաև այդ ձևաչափին։ Անկախ ամեն ինչից, հիմնական զսպող գործոնը Ռուասատանն է, և հայկական կողմը բազմիցս դիմել է հենց ռուսական միջնորդությանը, իսկ իրանական կողմը ցանկանում է իր հայտարարություններով կանխել հնարավոր լայնամասշտաբ պատերազմը Հարավային Կովկասում, իր անմիջական սահմանների մոտ»,– ասաց իրանագետը։
Միսակյանի կարծիքով` արցախյան վերջին պատերազմի ընթացքում իրանական զորքերի կուտակումը պետական սահմանին վկայում է այն մասին, որ հարևան երկրում իսկապես կար լուրջ անհանգստություն` կապված ռազմական գործողությունների էսկալացիայի, միջպետական ճանապարհների անվտանգության հետ, հետևաբար կայունությունն ու խաղաղությունը բխում են նաև Իրանի կենսական շահերից։
«Այդուհանդերձ, թուրք–ադրբեջանական տանդեմի ուժեղացումը, զուտ քաղաքական առումով, նույնպես լուրջ մարտահրավեր է Իրանի համար, որն առնչվում է նրա ազգային անվտանգության համակարգին, և տարածաշրջանում ապակայունացումը կարող է խաթարել այդ համակարգի բնականոն կենսագործունեությունը, առավել ևս, որ Իրանն իր ներսում ունի թուրքալեզու բնակչության հետ կապված անջատողական խնդիրներ, հետևաբար, Թեհրանը ցանակնում է անպայման ներգրավվածություն ունենալ հարավկովկասյան զարգացումներում` հանդիսանալով զսպող գործոն»,– ասաց իրանագետը։
Միսակյանի գնահատմամբ` ներգրավվելով քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում` Իրանն, ըստ էության, լուծում է նաև իր խնդիրները տարածաշրջանում։
Փաշազադեն արցախյան հաղթանակը վերագրել է Իրանին և քննադատության ալիք բարձրացրել Թուրքիայում
Ըստ նրա` մինչ արցախյան 44-օրյա պատերազմն իշխում էր այն տեսակետը, որ Հարավային Կովկասում հեգեմոն դիրք ունի Ռուսաստանը, բայց Թուրքիայի մուտքից հետո Իրանում արդիական է դարձել այն տեսակետը, որ իրենք նույնպես կարող են ակտիվորեն ներգրավվել գործընթացներում։
Հիշեցնենք` Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն այսօր հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցությունների համար, ինչպես նաև պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակասությունները կարգավորելու համար։
Սաիդ Խաթիբզադեն նաև նշել էր, որ երկու երկրներին անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել սրումն ու բախումները և Հարավային Կովկասում հասնել հրադադարի: