ՌԱԴԻՈ

Ինչո՞ւ է թանկացել տաքսիների ուղեվարձը. Կարեն Չիլինգարյանը գիտի` երբ կլուծվի խնդիրը

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տաքսիների ուղեվարձի թանկացման խնդրին։
Sputnik
Ինչո՞ւ է թանկացել տաքսիների ուղեվարձը. Կարեն Չիլինգարյանը գիտի` երբ կլուծվի խնդիրը

Տաքսի ծառայությունների գնագոյացման վրա ազդում են և՛ բնակլիմայական պայմանները, և՛ երթևեկության վիճակը, և՛ վառելիքի գները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կարեն Չիլինգարյանը։

Երբ երկիրը չունի ագահությունը զսպող մեխանիզմներ, կամ ինչո՞ւ է թանկանում հեղուկ գազը

Նրա խոսքով` թեև շուկան կարգավորում է տաքսի ծառայությունների ոլորտը, բայց խնդիրներ առաջացան, երբ շուկա մտան օնլայն տաքսիները, որոնք սկսեցին գին թելադրել, ընդ որում` գները սկզբում այնքան իջեցրին, որ ավանդական տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները կամաց–կամաց շուկայից դուրս մղվեցին։

«Այն գործակալությունները, որոնք գործում էին օրինական դաշտում` մուծելով տարատեսակ հարկեր, հասկացան, որ տաքսի ծառայություն պահելն ավելի թանկ է, քան օնլայն տաքսիների պարագայում, որոնք սկզբում նույնիսկ որոշ հարկատեսակներ չէին վճարում, ուստի հայտնվելով շահեկան վիճակում` ճնշեցին մրցակիցներին»,– ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը։

Չիլինգարյանի կարծիքով` այն ժամանակ, երբ օնլայն տաքսիներն արդեն գրավեցին ողջ շուկան, սկսեցին ծառայությունների դիմաց մատուցող գինը բարձրացնել, հիմա արդեն օրվա տարբեր ժամերի համար առաջարկում են տարբեր սակագներ, նստելավարձը 300-ից հասնում է 1000 դրամի, ինչն էլ առաջացրել է քաղաքացիների վրդովմունքը։ Ըստ նրա` խնդիրները փոխկապակցված են, և չարժե դրանցից որևէ մեկն առանձնացնել։

«Խնդիրն այն է, որ պետությունն իր հերթին այս ոլորտը չի կարգավորում` պատճառաբանելով, որ շուկան ազատականացված է։ Կա նաև անհատ վարորդների հանգամանքը, որովհետև ոմանք աշխատում են անօրինական կերպով, տաքսու նշանն օգտագործում են ըստ հարմարավետության, այսինքն` որոշ դեպքերում պարզ չէ`դա տաքսի է, թե ոչ։ Ավելի վատ է, երբ օրինակ տաքսու նշանը հանում են վթարի ժամանակ` ներկայանալով որպես սովորական մեքենայի վարորդ»,– ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը` հավելելով, որ սովորական վարորդները նույնպես ազդում են ծառայությունների գնագոյացման վրա` որոշակիորեն զսպելով գները։

Չիլինգարյանի համոզմամբ` տաքսիների հետ կապված խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ ունենանք նորմալ քաղաքային տրանսպորտ, մինչդեռ հիմա այդ առումով նույնիսկ հարևան երկրների համեմատ գտնվում ենք ամենավատ վիճակում։

Հիշեցնենք, որ սեղմված բնական գազի ու դիզվառելիքի ակցիզային հարկի բարձրացման հետևանքով հունվարի 1-ից  Հայաստանում համատարած թանկացան գազն ու հեղուկ վառելիքը։ Վերլուծությունների համաձայն` այս թանկացումը վաղ թե ուշ հանգեցնելու էր նաև տրանսպորտային ծառայությունների սակագների ավելացման։

Վերջին մի քանի շաբաթներին Երևանում առցանց տաքսիները կտրուկ բարձրացրել են ուղեվարձը։ Քաղաքացիները չէին կարող դա չնկատել, քանի որ սակագինը 1,5-2 անգամ ավելացել է։ Ու գործեց «դոմինոյի էֆեկտը»․ մասնավոր տաքսիստները բաց չթողեցին հնարավորությունը և նույնպես ավելացրին իրենց ծառայությունների արժեքը։

Հայաստանում 75 տոկոսով թանկացած ձեթը կարող է էժանանալ