Հայաստանը նախատեսում է ավելացնել կոնյակի արտահանումը Ռուսաստան

Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանից Ռուսաստան կոնյակի ներմուծումը նախորդ տարի կազմել է 52,79 հազար տոննա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանը նախատեսում է ավելացնել կոնյակի մատակարարումը Ռուսաստան։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն առընթեր զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Ալֆրեդ Քոչարյանը:

ՀՀ-ն կարող էր պահպանել «կոնյակ» անվանումը, բայց առանց դրա էլ կարող է շուկաներ չկորցնել

Ռուսաստանում անցյալ տարվա հունիսին ուժի մեջ է մտել խաղողագործության և գինեգործության մասին նոր օրենքը, որը սահմանում է խաղողագործության և գինեգործության արտադրանքի արտադրության, շրջանառության և սպառման իրավական և կազմակերպական հիմքերը: Այն պարունակում է նաև դրույթներ, որոնք ուղղված են կեղծիքի դեմ պայքարին։

«Այսօրվա դրությամբ` օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, հայկական կոնյակների արտահանման հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել։ Այնպես որ, հույս ունենք, որ հայկական կոնյակների արտահանումը Ռուսաստան ոչ միայն չի նվազի, այլ ընդհակառակը ՝ կավելանա», – ասել է Քոչարյանը։

Վահան Քերոբյանը գինեգործների ու կոնյակագործների հետ քննարկել է խաղողի մթերման հարցերը

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանից Ռուսաստան կոնյակի ներմուծումը կազմել է 52,79 հազար տոննա՝ 129,39 մլն դոլարի: